Այս շաբաթ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում “Առյուծ” ( Lion) կենսագրական դրաման․ երկու տարբեր աշխարհներում ապրող երիտասարդի կյանքի ճամփորդությունը, որը կստիպի ձեզ արտասվել, ժպտալ, լարվել, հիանալ աննկարագրելի գեղեցիկ պատկերներով ու կրկին վերաարժևորել սեփական կյանքն ու գնահատել ունեցածը։

1986 թ․-ին Սարուն հինգ տարեկան տղա էր, ով ապրում էր Հնդկաստանում՝ աղքատ, բայց երջանիկ ընտանիքում։
Եղբոր հետ ճամփորդելիս Սարուն մոլորվում է և պատահաբար հայտնվում գնացքի մեջ, որտեղ էլ փակված՝ անցնում է հարյուրավոր կիլոմետրեր դեպի Կալկաթա։ Այժմ օտար քաղաքի փողոցներում թափառելով՝ Սարուն փորձում է գոյատևել։ Նա իր մանկական գիտելիքներով չի կարողանում ո՛չ ոստիկանությանը, ո՛չ էլ տեղական իշխանություններին բացատրել, թե որտեղից է, ով է, ում որդին․․․ Անցնելով տարբեր արկածների ու վտանգների միջով՝ փոքրիկը հայտնվում է մանկատանը, որտեղից էլ նրան որդեգրում է ավստրալացի մի ընտանիք ու տանում Թասմանիա։
Սարուն մեծանում է սիրով շրջապատված, ունի ամեն ինչ՝ լավ կրթություն, հոգատար ծնողներ, սիրելի կին։
Բայց նրան հետապնդում են անցյալի հիշողությունները՝ իրենց գյուղը, մայրը, եղբայրը․․․
Եվ Սարուն որոշում է անպայման վերադառնալ․․․ դեպի մանկություն։
Ի՞նչ է սպասվում նրան։ Արդյոք հնարավո՞ր է հսկայական Հնդկաստանում վերակենդանացնել անցյալն ու գտնել տունդարձի ճամփան՝ հիմնվելով մանկական աղոտ հիշողությունների վրա։
Պարզենք միասին։
Ֆիլմը նկարահանվել է 2016 -ին։ Ռեժիսորն է Գարթ Դեյվիսը։ Դերերում՝ Դեյվ Փաթել, Նիկոլ Քիդման, Ռունի Մարա։
Դե իսկ ֆիլմի վերջում Սիայի անզուգական սաունդթրեքը կստիպի ձեզ տակտով հեկեկալ։ Սեփական փորձից եմ ասում 😉
Ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել այստեղ՝
Ֆիլմը ռուսերեն թարգմանությամբ կարող եք դիտել՝ անցնելով հղումով։
Դե իսկ ֆիլմից ստացած տպավորություններով կարող եք կիսվել ներքևում՝ մեկնաբանություններում։ Ուրախ կլինենք։
Հաճելի #ՈւրբաթԵրեկո կինոդիտում։