Գրքերը գրեթե այնքան հին են, որքան գրերն ինքնին։ Գրքերն ի հայտ են եկել մարդկության պատմությունը արձանագրելու և հետագա սերունդներին փոխանցելու նպատակով և գրվել են տարատեսակ նյութերի վրա՝ կավե սալիկների, պապիրուսի կամ մետաքսի գալարների, մագաղաթի և այլն։ Այս հոդվածում փորձ է արվել համախմբել և ներկայացնել աշխարհի հնագույն և ամենաազդեցիկ գրքերից մի քանի օրինակներ։
1․ Եգիպտական «Մեռյալների Գրքերը»








Հին եգիպտական «Մեռյալների գրքեր» -ն իրենցից ներկայացնում են թաղման տեքստերով հիմնականում պատկերազարդ գալարներ, որոնք օգտագործվել են հին Եգիպտոսում, սկսած մոտ մ․թ․ա․ 20-րդ դարից, շուրջ 1500 տարի։ Կախարդական և կրոնական հմայություններ էին գրվում պապիրուսի գալարների վրա, դրվում հատուկ արձանիկների մեջ կամ մումիայի փաթաթանների մեջ և թաղվում էին մահացածի հետ։ Հավատում էին, որ այս հմայությունները մահացածի հոգուն տալիս էին ուժ ու գիտելիքներ, որոնց օգնությամբ նրանք կկարողանային նավարկել անդրաշխարհում և ապահով հասնել հետմահու կյանքի։ Ամենաերկար մեռյալների գիրքը գրեթե 37 մետր է։
2․ «Ի Ճինգ»(«Ի Ցզին») կամ «Փոփոխությունների գիրքը »


Չինական դասական տեքստերից հնագույնը «Ի Ճինգ»-ն է կամ «Փոփոխությունների գիրքը», որը սկզբնապես օգտագործվել է որպես գուշակությունների ուղեցույց։ Գիրքն իր մեջ պարունակում է հին չինական փիլիսոփայությունն ու հավատալիքները, ըստ որոնց աշխարհն արդյունք է երկակիության՝ ինի և յանի, խավարի և լույսի, բացասականի և դրականի։ Ընդունված է համարել, որ «Ի Ճինգը» հավանաբար գրվել է մ․թ․ա․ 11-րդ դարում։ «Փոփոխությունների գրքի» հնագույն տարբերակը՝ գրված մետաքսի վրա, թվագրվում է մ․թ․ա․ 2-րդ դարով։ Ի դեպ այս գիրքը 2012թ-ին թարգմանվել է նաև հայերեն։
3․ «Մահաբհարաթա»


Մահաբհարաթան հին հնդկական էպոս է՝ գրված սանսկրիտով, որը հանդիսանում է երբևէ գրված ամենաերկար պոեմ-էպոսը և բաղկացած է ավելի քան 100,000 բանաստեղծական տնից։
Այն պատմագրությունների, առակների, աստվածաբանական, քաղաքական, իրավական բնույթի դատողությունների, օրհներգերի և ողբերգերի ամբողջություն է։ Ձեռագրի պահպանված հնագույն պատառիկները թվագրվում են մ.թ.ա. 400 թ.-ով։
4․ «Կումրանի ձեռագրեր» կամ «Մեռյալ Ծովի ձեռագրեր»


Կումրանի ձեռագրերը հանդիսանում են եբրայերեն տեքստերի վաղագույն օրինակները, որոնք պարունակելով հատվածներ «Հին Կտակարանից»՝ նոր լույս են սփռել Աստվածաշնչի հրեական և քրիստոնեական ընկալումների վրա։ Թվագրվում են մ.թ.ա. 250 — 68 թթ.։ Ձեռագրերը հայտնաբերվել են Մեռյալ ծովի հյուսիս-արևմտյան ափամերձ 11 քարանձավներից , ընդհանուր առմամբ 981 ձեռագիր գալարներ՝ դրված կարասների մեջ։ Տեքստերը գրված են եբրայերեն, որոշ հատվածներ էլ՝ արամեերեն և հունարեն։
5․ «Պատերազմի արվեստը»


«Պատերազմի արվեստը» համարվում է հին աշխարհի ամենաազդեցիկ գրքերից մեկը։ Այս ռազմական ձեռնարկը բաղկացած է 13 գլխից, որոնք գրված են իրար ամրացված բամբուկե շիվերի վրա։ Գիրքը համապարփակ ձևով ներկայացնում է բանակի վարժեցման, կազմակերպման և ղեկավարման հմտությունները։ Ենթադրվում է, որ այն գրվել է մ.թ.ա. 6-5֊րդ դդ. չինացի զորավար Սուն Ցզույի կողմից, և այսօր՝ 2500 տարի անց, այն համարվում է զինվորականների կողմից ամենաընթերցվող գրքերից մեկը։ Գրքի հնագույն օրինակը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ դարով։
6․ «Ադամանդե Սուտրա»

«Ադամանդե սուտրան» համարվում է աշխարհի հնագույն ամբողջական տպագիր փաստաթուղթը։ Այն քաղվածք է բուդդայական տեքստերից, տպված 868 թվականին թղթե գալարի վրա, որը հայտնաբերվել է 1900 թվական֊ին չինացի դաոսիստ վանականի կողմից Չինաստանի հյուսիս֊արևմուտքում՝ «Հազարավոր Բուդդաների Քարանձավներ» կոչվող վայրում։ Տպագրումը կատարվել է փայտե կաղապարների օգնությամբ տպագրական մեքենայի գյուտից 6 դար առաջ։