Շարունակում ենք ճանապարհորդական ֆիլմերի թեման։
Այս հանգստյան օրերի համար առաջարկում ենք հետևել մի գլխապտույտ ճամփորդության մասին պատմության։
1941 թվականին 3 տղամարդ որոշում են փախուստի դիմել կոմունիստական Ռուսաստանի սիբիրյան “ԳՈՒԼԱԳ”-ից։ Ֆիլմն այս 3 տղամարդկանց, ինչպես նաև 4 այլոց մասին է, ովքեր նույնպես միանում են այս խելահեղ նախաձեռնությանը։ Այս խմբին որոշ ժամանակ անց միանում է նաև դեռահաս աղջիկը՝ Իրենա Զիլինսկայան։
Խմբի լիդերը Յանուշ Վայշեկն է, ով դատապարտվել է “կնոջը տանջելու համար”։ Նա երիտասարդ տարիներն անց է կացրել ազատության ու բնության մեջ, և լավ պատկերացնում է, թե ինչպես է հնարավոր ողջ մնալ վայրի բնության մեջ։

Այսպիսով ձնաբքի ժամանակ նրանք դիմում են փախուստի։
Իսկ ի՞նչ է սպասվում ցինիկ ամերիկացի միսթր Սմիթին, ռուս հանցագործ Վալկային, հաշվապահ Զորանին, հրուշակագործ Տոմաշ Գորոդինսկիին, նկարիչ — քահանա Անդրեյս Վոսին և հավկուրությամբ տառապող լեհ Կազիկին սառնամանիքների, սովի ու ծարավի, կիզիչ անապատի և Հիմալայների սառցե միայնության մեջ։ Այս ամենին էլ գումարվում են հոգեբանական ու բարոյական ծանր փորձությունները, որոնք էլ ամբողջացնում են նրանց վերադարձի ուղին։

Ֆիլմի ստեղծողները ոգեշնչվել են Սլավոմիր Ռավիչի իրական պատմությունից, ով փախուստի է դիմում սիբիրյան աքսորավայրից, և ոտքով անցնում է գրեթե 6,500 կմ՝ ազատության հույսը տեսնելով Հնդկաստանում։
Ֆիլմն արժանացել է կինոքննադատների բարձր գնահատականին, իսկ կինոդիտողների քվեարկության արդյունքում հայտնի IMDb հարթակում ֆիլմը ստացել է 7,3 վարկանիշ։ Ֆիլմը 2011-ին նոմինացվել է Օսկարի՝ “Լավագույն գրիմ” անվանակարգում։
Ֆիլմի ռեժիսորն է Փիթեր Վայերը։ Դերերում՝ Ջիմ Սթուրջիս, Էդ Հարրիս, Քոլին Ֆարել և այլոք։ Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 2010թ․-ին։
Ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել այս հղումով։
Ամբողջական ֆիլմը ռուսերեն թարգմանությամբ արող եք դիտել այս հղումով։
Մաղթում ենք ձեզ հաճելի կինոդիտում։
Ֆիլմի մասին ձեր կարծիքով կարող եք կիսվել մեկնաբանություններում։